Մենք կանգնած ենք պատերազմի նախաշեմին, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի համաժողովում ասաց կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: «Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, Հայաստանը՝ ոչ: ՀՀ իշխանությունները վաղուց չեն նայում, թե ինչ է կատարվում իրենց շուրջը: Փաշինյանի հայացքը բացառապես ներքին խնդիրներին է ուղղված, ինքը չունի արտաքին ռիսկերի գնահատման մեխանիզմներ, չկան այդ մարդիկ, այդ օրակարգը ՀՀ առջև դրված չէ: Չկան այդ ռիսկերին դիմակայելու տրամադրվածությունն ու ցանկությունը, անգամ գիտակցումը չկա, որ պետք է պատրաստվել:
Մենք կանգնած ենք պատերազմի նախաշեմին: Հանրությունը պիտի իմանա ու նախապատրաստվի դրան», - ասաց նա:
Նրա կարծիքով՝ պատերազմ մինչ այս պահը չկա ՀՀ ԶՈՒ պատրաստվածության շնորհիվ: «Հայաստանում կա հանրության բավական մեծ զանգված, որ կուրորեն հավատում է Նիկոլ Փաշինյանի շուրթերերից հնչող ցանկացած խոսքի ու հավատում է, որ քանի որ մենք ժողովրդավար պետություն ենք, Ադրբեջանը երբեք չի փորձելու հարձակվել Արցախի վրա և հակամարտությունն էլ լուծվելուէ այնպես, ինչպես թելադրում կամ պատկերացնում է Նիկոլ Փաշինյանը», - նշեց քաղաքագետը: Մելիք-Շահնազարյանն ասաց, որ Ադրբեջանի վերջին մեկուկես տարվա գործողությունները ցույց են տալիս, որ ամեն ինչ արվել է պատերազմին պատրաստվելու համար: Այս ընթացքում Ադրբեջանը հասել է մի իրավիճակի, երբ վերացրել է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները:
«Բանակցային գործընթացում միջնորդներն ու միջազգային հանրությունը խոսում են մեկ լեզվով, իսկ ՀՀ իշխանություններն այդ համագործակցության շրջանակներից դուրս է հայտնվել: Ըստ էության, մեր պետական դիրքորոշումը միջազգային հանրությանը հակադրվում է: Դրան հասնելու համար Արդբեջանին մեծ ջանքեր պետք չեն եղել: Ադրբեջանն օգտվել է նրանից, որ ՀՀ նոր իշխանությունները գաղափար չունեին բանակցային գործընթացի տրամաբանությունից, գոյություն ունեցող վտանգներից: Առաջին հերթին Ադրբեջանը վերացրել է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններով ստանձնած պարտավորությունները՝ այդ ամենը փոխարինելով վերելակային կարճ, ոտքի վրա ձեռք բերված պարտավորություններով», - ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը: